Սիրիահայ երիտասարդները բացահայտում են Հայաստանի տեսարժան վայրերը

2018 թվականի հուլիսի 25-ին քսանհինգ հոգուց բաղկացած սիրիահայերի խումբը «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում ուղևորվեց դեպի Ամբերդի ամրոց, ինչպես նաև այցելեց Բյուրականի աստղադիտարանի թանգարանը: Այս կրթական ծրագրի նպատակն էր ծանոթացնել Սիրիայից տեղահանված երիտասարդներին հայաստանյան կարևոր հոգևոր և գիտական կենտրոններին:

Ուղևորության առաջին կանգառն էր Բյուրականի աստղադիտարանի թանգարանը, որը հիմնել էր Վիկտոր Համբարձումյանը: Մասնակիցներն այցելեցին հայտնի ակադեմիկոսի տուն-թանգարանը, տեղեկացան նրա գործունեության և ժամանակակից աստղագիտության ոլորտում նրա ներդրումների մասին:

Ճանապարհորդության երկրորդ կեսին սիրիահայ երիտասարդները այցելեցին Հայաստանի ամենահին ամրոցներից մեկը` Ամբերդի բերդը: Ի շնորհիվ հմուտ էքսկուրսավարի` մասնակիցները սովորեցին յոթերորդ դարում կառուցված բերդի մասին, որի անունը թարգմանաբար նշանակում է «ամպի բարձրության բերդ»:

«Սա իսկապես անմոռանալի վայր է,» – ասաց մասնակիցներից մեկը. «Մենք շատ ուրախ ենք, որ Կլոր Սեղան հիմնադիրամի և Հալեպ ԿՀ-ի շնորհիվ այս կրթական ծրագրի շրջանակներում հնարավորություն ենք ստացել բացահայտելու Հայաստանը»:

 

Մասնակիցները վերադարձան Երևան` լի նոր գիտելիքներով և հույզերով:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրն իրականացվում է «Հալեպ» ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից: Ծրագրի նպատակն է  սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը, տրամադրելով հոգեբանական աջակցություն, ինչպես նաև տրամադրելով ֆինանսական աջակցություն սիրիահայ ուսանողներին և պրակտիկանտներին, կազմակերպով ուխտագնացություններ և ամառային ճամբարներ, այդ ամենով նպաստելով երիտասարդների ինտեգրմանը Հայաստանում: Իրականացված կարողությունների զարգացմանը նպաստող դասընթացներից են ճարտարապետական ծրագրերի ուսուցում, խոսակցական անգլերենի, առաջին օգնություն և Microsoft Office-ի դասընթացներ: