TOEFL-ի դասընթացները հնարավորություն են տալու սիրիահայ երիտասարդներին ընդունվել Հայաստանի ամենահեղինակավոր կրթական հաստատություններ

2019թ. մարտի 27-ին «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ), Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, մեկնարկեց անգլերենի TOEFL-ի (Test of English as a Foreign Language) դասընթացները՝ նախատեսված սիրիահայ փախստական այն երիտասարդների համար (ուսանողներ և շրջանավարտներ), ովքեր ցանկանում են իրենց ուսումը շարունակել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպիսին է  Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ):

Երկամսյա այս դասընթացը սիրիահայ երիտասարդներին զինելու է անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և մեթոդներով՝ TOEFL-ի քննությունը բարեհաջով կերպով հանձնելու համար, որը Հայաստանի ամերիկյան համալսարան և միջազգային մի շարք այլ կրթական ծրագրերին դիմելու պարտադիր պահանջներից մեկն է:     Դասընթացը նաև ապահովելու է գործնական հմտություններով անգլերեն լեզվի մասնավոր դասեր տվող սիրիահայ երիտասարդներին և ընդլայնելու է նրանց ուսուցողական  դասընթացների շարքը՝ ապագայում տրամադրելու նաև TOEFL-ի մասնավոր դասընթացներ:

Մասնակիցներից ավագ դպրոցի աշակերտ Սերենա Սուլուրիանը, ով ցանկանում է ընդունվել Հայաստանի ամերիկյան համալսարան, նշում է. «Ես նախապատրաստվում եմ ընդունվել Հայաստանի ամերիկյան համալսարան և անհրաժեշտություն ունեի պատրաստվելու TOEFL-ի քննությանը: Այս ծրագրի շնորհիվ այժմ կարող եմ չմտածել դասընթացի ծախսերի մասին և իրագործել նպատակներս»:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը ֆինանսավորում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը, և իրականացվում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից: Ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչը նպատակ ունի բարձրացնել Հայաստանում սիրիահայ երիտասարդների հմտություններն ու ներուժը, առավել մրցակից դարձնել հայաստանյան աշխատաշուկայում՝ հնարավորություն տալով նրանց հասնելու իրենց աշխատանքային և կրթական նպատակներին: