«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի պատանյաց խումբը ծանոթացավ հայրենի տեսարժան վայրերին
«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության շահառու ընտանիքների թվով 40 սիրիահայ պատանիներ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ ս/թ. ապրիլի 30-ին մեկնեցին Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու Մայր Հայրենիքի տեսարժան վայրերին:
Լինելով Սբ. Գևորգ վանքում (Մուղնի), Սաղմոսավանքում և Օհանավանքում՝ սիրիահայ պատանիները զբոսավարի միջոցով ծանոթացան պատմամշակութային կոթողներին ու ձեռք բերեցին կարևոր գիտելիքներ հայոց պատմության վերաբերյալ: Պատանիները նաև այցելեցին Տառերի պուրակ, հիացան զարդաքանդակ հայերեն այբուբենով, հայրենի բնության գրկում շուրջպար բռնեցին, խաղացին ու ժողովրդական երգեր երգեցին:
«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ պատանիներին էքսկուրսիայի շրջանակում տրամադրվեց շապիկներ և գլխարկներ: Միջազգային կազմակերպությունը հոգացել էր նաև պատանիների սննդի մասին:
Էքսկուրսիայի ընթացքում պատանիներին ուղեկցում էին «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության և «ՀԱԼԷՊ» կազմակերպության ներկայացուցիչները, պատանիների ծնողները:
«ՀԱԼԷՊ» կազմակերպությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչությանը՝ Հայաստան տեղափոխված սիրիահայ համայնքին շարունակաբար օժանդակություն ցուցաբերելու, և համայնքի ակտիվ մասնակցությունը հայաստանյան քաղաքացիական կյանքում խթանելու համար: