«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մասնակցությունը փախստական և տեղահանված երեխաների իրավիճակի վերաբերյալ արագ գնահատմանը

2016թ-ի մարտի 18-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի ընթացքում ներկայացվեց Հայաստանում ապաստան հայցող, փախստական և տեղահանված երեխաների իրավիճակի վերաբերյալ արագ գնահատման հիմնական արդյունքները: Գնահատումը իրականացվել է Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ համագործակցությամբ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ:

Գնահատման նպատակն էր վերանայել և նախաձեռնել Հայաստանում փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց շրջանում երեխաների պաշտպանության հիմնախնդիրների վերաբերյալ արագ գնահատումը:

Հարկ է նշել, որ գնահատման ընթացքում հարցազրույցներ են կազմակերպվել տեղական և միջազգային ՀԿ ներկայացուցիչների, ինչպես նաև շահագրգիռ անձանց հետ: Տեղական կառույցների շարքում էր նաև «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը:

Հանդիպմանը ներկայացվեց գնահատման մեթոդաբանությունը, վերհանված խնդիրները, ինչպես նաև առաջարկվեց լուծումներ տեղահանված երեխաների առջև ծառացած խնդիրներին:

Հանդիպմանը ընթացքում մասնակից կառույցների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան աշխատանքային խմբերով քննարկել և ներկայացնել առաջարկություններ Հայաստանում ապաստան հայցող, փախստական և տեղահանված երեխաների իրավիճակի բարելավման վերաբերյալ: