«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի սիրիահայ երիտասարդներն այցելեցին Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն

2015 թ․ դեկտեմբերի 19-ին, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ավելի քան 30 սիրիահայ երիտասարդներ այցելեցին Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն։

Այս կամավորական նախաձեռնությունը իրականացվեց «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը։

Սիրիահայ երիտասարդների այցը մեծ ոգևորություն և ուրախություն պարգևեց ավելի քան 100 երեխայի ամանորի շեմին։  Երիտասարդները ջանք չխնայելով իրենց ներդրումն ունենալ մանկատան մանուկների ամանորյա ցանկությունների իրականացման գործում, կատարելով դրամահավաք, պատրաստել էին փոքրիկ նվերներ երեխաների համար։

Անակնկալի եկած մանկատան մանուկները երջանիկ էին։ Ստանալով նվերներ, նրանք մեծ հետաքրքրությամբ նախ զննում էին, ապա թռչկոտելով ցույց տալիս իրենց ընկերներին։ Ակնհայտ էր սիրիահայ երիտասարդների խորին հուզմունքը ստեղծված ջերմ և խանդավառ մթնոլորտում, քանզի նրանք ականատես լինելով պատերազմի արհավիրքին, ստիպված լինելով լքել իրենց հայրենի օջախները և ապաստան գտնելով Հայաստանում, անկոտրում կամքի դրսևորման մեծ ուժ գտան իրենց մեջ՝ ջերմացնելու փոքրիկների սրտերը։

Մանկատան աշխատակազմի ներկայացուցիչները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին սիրիահայ երիտասարդներին նման նախաձեռնության կազմակերպման համար։