ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ հայրենադարձված, հատուկ կարիքներով սիրիահայերի կողքին

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով ծանր կացության և անապահովության մեջ հայտնված ու հայրենադարձված հատուկ կարիքներ ունեցող հայ երեխաներին: Վերջիններս մինչև հայրենիք ժամանելը գտնվել են Հալեպում գործող «Արևիկ» կենտրոնի հոգածության ներքո։ Հայաստանում նրանց համախմբել է «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը, որի նախաձեռնությամբ, «Արևիկ»-ի 13-ամյա հաջողված փորձից ելնելով՝  երկու տարի առաջ բացվել է «Արևիկ-Հայաստան»-ը:

Նվիրված թիմի և արդյունավետ համագործակցության շնորհիվ՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն կարճ ժամանակահատվածում կարողացել է հասնել հաջողության. «Արևիկ-Հայաստան»-ն անվճար հիմունքներով հոգեբանական աջակցություն է տրամադրում մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող սիրիահայերին: Կենտրոնում կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ մաթեմատիկա, նկարչություն, երաժշտություն, ֆիզիկական պատրաստվածություն առարկաներից: Հատուկ ուշադրության կենտրուոմ են նաև արտ-թերապիան, խոսքի զարգացումը, ձեռագործ աշխատանքների ուսուցումը:

Կենտրոնի շարունակական գործունեության ապահովման, տարվող բազմաֆունկցիոնալ աշխատանքների հարցում կարևոր տեղ է զբաղեցնում մասնավոր հատվածի հետ հաջողված համագործակցությունը: 2016թ-ին «Արևիկ-Հայաստան»-ն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Հայաստանում իրականացվող սոցիալական ներդրումների ծրագրում: Արդյունքում, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը հոգացել է «Արևիկ-Հայաստան» կենտրոնի տարածքի վարձակալության, կոմունալ վճարումների, սաներին անհրաժեշտ սննդի և մշակույթային այցերի համար անհրաժեշտ ծախսերը: